Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը պահանջել է տեղեկություն գերիների վերաբերյալ

ՄԻԵԴ
2025 թվականի հունվարին ՄԻԵԴ-ի միջոցով ստացվել են հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 27-ին ՄԻԵԴ է դիմել՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել այնտեղ պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։ Սա արվել է այն բանից հետո, երբ 2025 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին:
«Միաժամանակ, դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են գրասենյակից:
Շեշտվում է, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։