Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ. ԱԳՆ

Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բաքվում ընթացող շիծու դատավարությունների ֆոնին։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
«Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,–ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հիշեցնում են, որ Ադրբեջանը ստանձնել է հանձնառությունների և միջազգային պարտավորություններ, բայց ի հեճուկս դրանց շարունակում է պահել հայազգի ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։
«Նրանց կալանավորումն ու հետապնդումը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական ​​բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։
«Ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը:
«Ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորումը ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից նշում են, որ հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց:
Հավելենք, որ ԱԳՆ հայտարարությունը նախորդեց գերիների հարցով բողոքի ակցիային, որը պլանավորված էր նախորդ օրվանից։