Չենք կարող սուր շնչառական վարակների պատճառով մի ամբողջ սեզոն փակել դպրոցները. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պնդմամբ` ՍՇՎ–ների մասով իրենք ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում և՛ դպրոցներում, և՛ հիվանդանոցներում, և՛ պոլիկլինիկաներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պնդմամբ` հնարավոր չէ սուր շնչառական վարակների պատճառով մի ամբողջ սեզոն փակել դպրոցները։ Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ՍՇՎ–ների հետևանքով դպրոցներում ու մանկապարտեզներում դասերը հետաձգելու մասին հարցին։
Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում
Նշենք, որ հանրապետությունում արդեն տևական ժամանակ է` ՍՇՎ–ներ են տարածվում, ինչը կապված է սեզոնայնության հետ։ Չնայած դրան, բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար սոցցանցերում իրենց վրդովմունքն են հայտնում ու պահանջում, որպեսզի որոշ ժամանակով դպրոցներում դասերը հետաձգվեն, քանի որ վիրուսը գնալով ավելի է տարածվում։ Բազմաթիվ ծնողներ նաև գրում են, որ հիվանդանոցներում ստացիոնար բուժման համար արդեն տեղ չկա։
«Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե՛ դպրոցների բացակայությունների, թե՛ առաջնային օղակներ դիմելիության, թե՛ հիվանդանոցների սոմատիկ, վերակենդանացման բաժանմունքներում։ Մենք հստակ ուղեցույցեր ունենք, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների` զսպելու վարակի բռնկումները։ Երբ ՍՇՎ–ներն ակտիվանում են (նոյեմբեր–մարտ ամիսներին), ստացվում է, որ ամեն տարի կրթական մեկ սեզոն պետք է բաց թողնենք, բայց դա անհնար է ու արդյունավետ չէ»,– նշեց Ավանեսյանը։
Ընդգծեց` դպրոցների մասով կա առանձին հնարավորություն, եթե որևէ տեղ երեխաների հիվանդացությունից ելնելով բացակայությունների թիվն աճել է 25%-ից, ապա իրենք կարող են հեռավար դասապրոցեսի անցնել` համաձայնեցնելով կրթական ոլորտը համակարգող գործընկերների հետ։ Նախարարը վստահեցրեց` այս պահին և սրանից առաջ հանրապետությունում չի եղել համաճարակային իրավիճակ, որպեսզի դպրոցներում դասերը հետաձգվեն։
«Պետք է նշեմ, որ վերջին 3 օրվա ընթացքում որոշակի նվազման տենդենց ենք նկատում։ Սա շատ կարևոր է, բայց պետք է շարունակաբար հետևել մեր խորհուրդներին` ձեռքերի հիգիենան պահպանել, հագնվել ըստ եղանակի, գանգատ ունենալու դեպքում էլ դիմել ընտանեկան բժշկին, մանկաբույժին»,– նշեց Ավանեսյանը։
Վերջին 5 տարում ամառվա ընթացքում ՍՇՎ-ով ամենաշատ հիվանդությունները գրանցվել են 2022-ին
Անդրադառնալով հարցին, որ բժշկի կողմից տրված թուղթը դպրոցներում չեն ընդունում որպեսզի բացակայությունները հարգելի ճանաչվեն, նախարարը շեշտեց, որ պարբերաբար նմանատիպ հարցեր բարձրացվել են` խոստանալով գործընկերների հետ քննարկել այդ հարցը։