ԱՄՆ–ի հետ գործարքի ստորագրումը չեղարկվել է, Թրամփը Զելենսկուն խնդրել է հեռանալ. տեսանյութ

Ամերիկացիներն ասել են, որ Զելենսկին պետք է լքի Սպիտակ տան տարածքը և վերադառնա, երբ պատրաստ լինի խաղաղության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյարկվել է, թեև ամեն ինչ պատրաստ էր։ Տեղեկությունը հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ Սպիտակ տանը հրապարակային լեզվակռվից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն խնդրել է հեռանալ։
Լրատվամիջոցը գրում է, որ ուկրաինական կողմն աղաչել է նորից սկսել երկխոսությունը, սակայն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հայտնել են, որ Զելենսկին պետք է լքի Սպիտակ տան տարածքը և վերադառնա, երբ պատրաստ լինի խաղաղության:
Նշենք, որ Թրամփի և Զելենսկու միջև բանակցությունների ընթացքում տեսախցիկների առջև լեզվակռիվ է տեղի ունեցել։ ԱՄՆ նախագահը մեղադրել Է Զելենսկուն երախտամոռության, ռազմական գործողություններն ավարտելու ցանկության բացակայության համար։ Թրամփը նաև ասել է, որ Զելենսկին խաղում է միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ և Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիք է ստեղծում։