Տավուշում սահմանազատումը կանցկացվի 1978 թ. սահմանով. ինչո՞վ է այն զիջում 1976-ի քարտեզին

Սահմանասյուն
ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում առկա վարչական սահմանի գիծը 1978 թվականին փոխվել է՝ ոչ հօգուտ հայկական կողմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Տավուշում սահմանազատումը, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։
Фрагмент карты Генштаба ВС СССР от 1976 г. (участок от границы Грузии до села Барекаван)
Հատված ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976 թ. քարտեզից (հատված Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ)
Քարտեզի մի հատվածում՝ Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ, կարելի է նկատել, որ սահմանի երթուղու փոփոխության արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ին զգալիորեն ավելի շատ տարածք է անցել, քան Հայկական ԽՍՀ-ին: Մեր կոպիտ հաշվարկներով՝ Հայկական ԽՍՀ-ն կորցրել է մոտ 5,8 քառ. կմ։
Sputnik Արմենիան սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին հարցում է ուղարկել, թե որ սահմանով է իրականացվելու սահմանազատումը, ու դրանցից որն է հաստատված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից:
«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,-հայտնել են գրասենյակից։
Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը և տեղափոխումը երկիր
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Այն ժամանակ համաձայնեցրել են Բաղանիս (Բաղանիս-Այրիմ - Բերքաբեր)- Քըզըլ Հաջիլի հատվածում սահմանագծման մասին նկարագրի արձանագրությունը «ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը 1979 թվականին հերթապահության ընթացակարգը է անցել»:
Իսկ արդեն 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների նոր հանդիպման արդյունքում կողմերը սահմանագծման նոր հատված են սահմանել։ Նրանք համաձայնել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքների համալիրը սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների միացման կետի շրջանից, այնուհետև շարունակել հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ, մինչև Իրանի հետ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։