Միջազգային կառույցներին դիմումներ կուղարկենք. Թաթոյանը` Ռուբեն Վարդանյանի մասին

Արման Թաթոյանը. Արխիվային լուսանկար
Ռուբեն Վարդանյանի վիճակը Բաքվի բանտում կտրուկ վատացել է նրա հացադուլ հայտարարելուց գրեթե մեկ շաբաթ անց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ պատանդների և գերիների խնդրով միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով։ Այս տեղեկությունը հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է նրա հացադուլ հայտարարելուց գրեթե մեկ շաբաթ անց: Այս մասին ասվել էր Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ։
«Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիրներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով»,–գրել է նախկին ՄԻՊ–ը:
Թաթոյանն ընդգծել է, որ այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականացնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: