Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Փաշինյանի մոտ է. Օսկանյան

Վարդան Օսկանյանը Ռուբեն Վարդանյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Այս մասին այսօր տեսաուղերձի միջոցով հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` պահանջելով ՀՀ վարչապետից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։
«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան»,– ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Վարդան Օսկանյանը նաև դիմել է Բաքվում գերևարված Ռուբեն Վարդանյանին` կոչ անելով նրան դադարեցնել հացադուլը, քանի որ նրա կյանքը լրջորեն վտանգված է։
«Ես կցանականայի, որ նա դադարեցնի իր հացադուլը: Սա միայն իմ ցանկությունը չէ, իր շրջապատից տարբեր մարդիկ դիմել են իրեն այս հարցով: Եթե նա շարունակի հացադուլը, կյանքը լրջորեն վտանգված կլինի»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
ՀԲԸՄ–ն ու խոշոր այլ կառույցներ Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել են միջազգային հանրությանը
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Երեկ` փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։