ԱՄՆ–ն հուսով է, որ Ուկրաինայի հետ գործարքը կստորագրվի փետրվարի 28-ին. Ուիտկոֆ

Սթիվեն Ուիտկոֆ
ԱՄՆ նախագահի բանագնացը վստահեցրել է, որ Դոնալդ Թրամփը ձգտում է կենտրոնանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Վաշինգտոնը հույս ունի ավարտել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Ուկրաինայի հետ գործարքի պայմանների համաձայնեցումը և փաստաթուղթը ստորագրել վաղը` փետրվարի 28-ին, Վլադիմիր Զելենսկու այցի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը «Fox News»-ի հետ զրույցում։
«Գրեթե երկու շաբաթ է` բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ լավ նշան է, որ նախագահ Զելենսկին վաղը կայցելի Միացյալ Նահանգներ»,- ասել է Ուիտկոֆը՝ մեկնաբանելով Կիևի և Վաշինգտոնի միջև գործարքի համաձայնեցման ընթացքը։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը ձգտում է փակել այդ հարցն ու կենտրոնանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման վրա:
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ Զելենսկին փետրվարի 28-ին կայցելի Վաշինգտոն՝ Ուկրաինայի բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղների հետ կապված համաձայնագիրը ստորագրելու նպատակով:
Զելենսկին իր հերթին նշել է, որ փաստաթղթում անվտանգային երաշխիքների վերաբերյալ հստակ կետեր չեն լինի. Կիևին չեն բավարարում միայն ամերիկյան երաշխիքները, ուկրաինական կողմը ցանկանում է պայմանավորվել նաև այլ գործընկերների հետ:
«Ես շատ եմ խնդրել, որ համաձայնագրում գոնե ընկալում լինի այն մասին, որ փաստաթուղթը կարող է լինել անվտանգության հնարավոր երաշխիքների մի մասը»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է` իրեն զեկուցել են, որ փաստաթղթի նոր տարբերակում երաշխիքների վերաբերյալ կետ է ավելացվել։
Ուկրաինական «Европейская правда» պարբերականն ավելի վաղ հրապարակել էր փաստաթղթի տեքստը և նշել` դրանում միայն ձևակերպում կա այն մասին, որ Ուկրաինան աջակցում է երկարաժամկետ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքների ջանքերին։
Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ի մասին. Թրամփը Պուտինին խելացի քաղաքական գործիչ է անվանել