ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը բարձրացնելու է արցախահայերի հավաքական վերադարձի հարցը Արցախ։ Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները։ Բայց հնարավոր չէ արցախահայերի վերադարձը պատկերացնել՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը։
Բնակչության համար անհրաժեշտ են անվտանգության ամենալուրջ երաշխիքներ, և այդ երաշխիքների շրջանակը կարելի է ապահովել նաև միջազգային մակարդակով։
«Դրա համար առաջին քայլը պետք է լինի արցախահայությանը միջանկյալ կարգավիճակ տալը, որպեսզի նրանք չբախվեն այն սպառնալիքներին, որոնք այսօր կան»,–ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրվի, հակառակ դեպքում արցախահայերի վերադարձն անհնար է։
«Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, մեզ անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,–ասաց նա։
Ռուստամյանն առանձնացրեց դիվանագիտության երեք մակարդակ՝ պաշտոնական, խորհրդարանական և ժողովրդական։ Այն, ինչ կարող է անել Դաշնակցությունը, տեղավորվում է ժողովրդական մակարդակով դիվանագիտության շրջանակներում։ Այդ աշխատանքն իրականացվում է այնքանով, որքանով դա անում է ընդդիմությունը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Սակայն պաշտոնական Երևանը բոլորովին այլ ծրագիր է իրականացնում՝ լիովին սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարեր գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։