ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ դաշնային դատարանը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ երկու օր է տվել միջազգային օգնության ֆինանսավորումը վերսկսելու համար՝ մեղադրելով նրան միջոցները ապասառեցնելու վերաբերյալ նախկին որոշումը չկատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Associated Press»-ին։
Կոլումբիայի շրջանային դատարանը Սպիտակ տանը պարտավորեցրել է վերացնել սառեցված ծրագրերի արգելափակումը։ Դատավորները նշել են, որ ֆինանսավորման սառեցումը պայմանավորված էր արդյունավետության առումով ծրագրերի վերանայմամբ, սակայն վարչակազմն այդպես էլ չի հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ եղել ամբողջությամբ արգելել Կոնգրեսի կողմից հաստատված բոլոր օգնությունները:
«Պատասխանող կողմը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու է Կոնգրեսի կողմից հատկացված ողջ օտարերկրյա օգնության կասեցումը, որը ցնցում է առաջացրել և շրջել հազարավոր համաձայնագրերի շահերը, եղել ծրագրերի վերանայման ռացիոնալ նախադրյալը», - ասվում է դատարանի վճռում:
Ինչպես նշում է AP-ն, չնայած փետրվարի 13-ի որոշմանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և ոչ առևտրային կազմակերպությունները հայտարարում են, որ իրենք ոչ մի հաստատված վճար չեն ստացել:
Ազգային հանրային ռադիոյի (NPR) տվյալներով` շրջանային դատավորը կառավարությունից պահանջել է մինչև փետրվարի 26–ի երեկո ամբողջությամբ կատարել որոշումը:
Ֆինանսավորման սառեցումը Թրամփը մտցրել էր հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Նա հրաման ստորագրեց զարգացման նպատակով միջազգային օգնությունն 90 օրով կասեցնելու վերաբերյալ` գնահատելու համար ԱՄՆ արտաքին քաղաքականությանն այդ ծրագրերի համապատասխանությունը։