Մերձմոսկովյան Դոմոդեդովոյի բնակիչը, որն ուկրաինացի համակարգողներին ՀՕՊ համալիրի մասին տվյալներ է ուղարկել անօդաչուների գրոհն ուղղորդելու համար, ինչպես նաև ահաբեկչություններ էր ծրագրել ՌԴ մի քանի մարզերում, 16 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դատարանը Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության քննչական մարմիններիհավաքված ապացույցները բավարար է համարել Դոմոդեդովո քաղաքային շրջանի բնակչի նկատմամբ դատավճիռ կայացնելու համար... 2-րդ Արևմտյան շրջանային զինվորական դատարանը մեղադրյալին դատապարտել է 16 տարվա ազատազրկման և 150 հազար ռուբլի տուգանք նշանակել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Քննությունն ու դատարանը պարզել են, որ 2024 թվականի ապրիլի 11-ին դատապարտյալը, գտնվելով Պոդոլսկի քաղաքային շրջանի տարածքում, լուսանկարել է ՀՕՊ զենիթահրթիռային–թնդանոթային համալիրի գտնվելու վայրը` ֆիքսելով աշխարհագրական կոորդինատները։
Այնուհետև նա տվյալներն ուղարկել է ուկրաինացի համակարգողներին՝ անօդաչուներն ուղղորդելու և ռազմական օբյեկտը խոցելու համար։
«2017 թվականին դատապարտյալը Ուկրաինայի տարածքից ՌԴ սահմանով ապօրինի զենք է տեղափոխել, որն ապօրինի պահել է իր բնակության վայրում, ինչպես նաև պատրաստել է հրազենի ռազմամթերք՝ ծրագրելով ահաբեկչություն իրականացնել՝ Մոսկվայի շրջանի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների, ռազմական օբյեկտների և երկաթուղային տրանսպորտի հաղորդակցության ուղիների նկատմամբ իշխանության մարմինների գործունեությունն ապակայունացնելու նպատակով», – նշել են ՔԿ–ից։
Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ահաբեկչական գործունեությանն աջակցելու, զենքի մաքսանենգության, ապօրինի հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր պահելու ու հրազենի համար ռազմամթերք պատրաստելու համար։