ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Դատաիրավական ոլորտի բարեփոխումները պետք է իրականացվեն անհաջող փորձերի հետևանքով ձեռք բերված գիտելիքներով: Այս մասին դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որոնց իմաստն ու նպատակը կլինի ուսումնասիրել անհաջողությունների պատմությունները և դրանք դարձնել ուղեցույց, գիտելիք, թե որ դեպքում ինչ է տեղի ունեցել և ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա:
«Առաջիկա անելիքների մասով նշվել է, որ կվերանայվի դատավորների գնահատման համակարգը, և գնահատման արդյունքները որոշիչ դեր կունենան դատավորների տեղափոխման, առաջխաղացման, պարգևատրման դեպքերում, կսահմանվեն Վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման մրցութային ընթացակարգեր, և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշները մի շարք ոլորտներում։ Աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն:
Վարչապետն անդրադարձել է նաև դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին ու կարևորել այս ուղղությամբ նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: