Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ խոսել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրի մասին

Կողմերը հանդիպմանը քննարկել են Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը` մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ, խոսել Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրների մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյան– Էգեր հանդիպումն այսօր կայացել է ՀՀ արտգոծնախարարի` Ժնև կատարած աշխատանքային այցի ժամանակ։
«Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։ Խոսել է նաև ընթացող կեղծ դատավարությունների մասին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Օրակարգային այլ հարցերի շարքում անդրադարձ է կատարվել անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է խնդիրը հասցեագրելու ուղղությամբ ՀՀ կողմից արտահայտված պատրաստակամությունն ու քայլերը՝ հաշվի առնելով անհետ կորած անձանց ընտանիքների անդամների համար հարցի զգայունությունը։
429 անձ անհայտ կորած է համարվում 2020–23 թթ հակամարտության սրացումների արդյունքում. ԿԽՄԿ
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հումանիտար բնույթի հարցերի լուծումը կարող է լինել կարևոր գործոն ամբողջական կարգավորման և կայուն խաղաղության հաստատման գործում։
Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումները։