ՌԴ ԱԳ փոխնախարարը ռուս–ամերիկյան վերջին շփումները քննարկել է ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ

Սերգեյ Ռյաբկով
Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների դեսպանների հետ քննարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի վերջին շփումները: Տեղեկությունը հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մոսկվայում հավատարմագրված ՀԱՊԿ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարության հետ անկեղծ և շահագրգիռ զրույցի ընթացքում ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ ներկայացուցիչների բարձր մակարդակով վերջին շփումների առանցքային ասպեկտները: Կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀԱՊԿ ձևաչափում մասնակցության հարցում փոփոխություն չկա, այսինքն` ՀՀ–ն չի մասնակցել հանդիպմանը։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ կայացան: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության լիակատար վերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում դրա ընդլայնման համար, վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների աշխատանքի արհեստական սահմանափակումները, ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խմբեր՝ ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար: Նախարարի խոսքով` բանակցություններից հետո ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ ընկալել Մոսկվայի դիրքորոշումը:
Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում. Թրամփ