ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Ուկրաինան որպես բանակցությունների ձախողման տարբերակ դիտարկում է Եվրոպայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ մի շարք ահաբեկչությունների իրականացումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում:
«Եվրոպացիների ունեցած տեղեկատվության համաձայն՝ բանակցությունները տապալելու համար ուկրաինական ռեժիմի կողմից դիտարկվող տարբերակներից մեկը ենթադրում է եվրոպական երկրներում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ահաբեկչությունների շարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Առավել հավանական է, որ Ուկրաինան փորձի նման հարձակումներ իրականացնել Գերմանիայում, Բալթյան երկրներում և Սկանդինավիայում։
«Ինչպես նշվում է, Ռուսաստանի հետ այդ եվրոպական պետությունների համագործակցությունն ամենացածր մակարդակի վրա է, գործնականում կրճատվել են հակաահաբեկչական ուղղությամբ հատուկ ծառայությունների միջև շփումները», - ասված է հաղորդագրության մեջ:
Ծառայության տվյալներով՝ հնարավոր է նաև, որ Կիևը փորձի ահաբեկչություններ կատարել Սլովակիայում և Հունգարիայում, քանի որ նման ընտրությունը «լրացուցիչ օգուտ» է ենթադրում՝ կվարկաբեկվեն Եվրամիության այն անդամները, որոնք Ուկրաինայի հակամարտության հարցում ունեն «հատուկ դիրքորոշում»: