«Արմաթ» աշխատանոցներում արդեն 16 հազար դպրոցական է սովորում

«Արմաթ» աշխատանոց
Հայաստանում ավելի քան 650 նման աշխատանոց կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանյան դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական աշխատանոցներում շուրջ 16 հազար երեխա է սովորում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաճյանը այս մասին հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան ժողովի ժամանակ։

Դպրոցներում արդեն ավելի քան 650 նման աշխատանոց է գործում։ 2024 թվականին բացվել է 17 նոր աշխատանոց, որից 2-ը՝ անօդաչու սարքերի ուսումնասիրության համար։

Աշխատանոցների ֆինանսավորումն իրականացնում են պետությունն ու ԱՏՁՄ-ն` կառավարությունը վճարում է ուսուցիչների աշխատավարձը, իսկ ԱՏՁՄ–ն սարքավորումներ է ձեռք բերում:
2025 թվականին պետությունը ֆինանսավորումն ավելացրել է 100 մլն դրամով՝ հասցնելով մոտ 900 մլն-ի (շուրջ 2 260 000 դոլար)։
Սվաճյանը նաև նշեց, որ նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST, որի համահիմնադիրը Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանն է. խմբ.) հետ շարունակում է արհեստական բանականության դասավանդման ծրագիրը հանրապետության 15 ուսհաստատություններում: Այժմ քննարկվում է տվյալ ծրագիրը հանրապետության ավելի մեծ թվով դպրոցներում իրականացնելու հնարավորությունը։
Անվտանգ համացանց. ԲՏԱ նախարարությունում դպրոցականներին պատմեցին կիբեռանվտանգության մասին