ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am–ը, նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810 հազար լիրայով (մոտ 77.500 դոլար)։
Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է, և առկա է շինության սեփականության վկայականը։
Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող քաղաքացիներից մեկն ասել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել, ու գյուղում հայկական եկեղեցի և քահանայի տուն է եղել։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել, և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։
Նա նշել է, որ եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին նախշեր են եղել։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։