Ռուսական շուկան լքելուց հետո ամերիկյան բիզնեսն ավելի քան 300 մլրդ դոլար է կորցրել. Դմիտրիև

Էր Ռիադում Դմիտրիևը պատասխանատու է լինելու ռուս-ամերիկյան բանակցությունների տնտեսական ասպեկտի քննարկման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն առաջին անգամ է հրապարակել հակառուսական պատժամիջոցներից ամերիկյան տնտեսության կրած վնասների մասին տվյալները։ Իր տեղեկությունները նա լրագրողներին հայտնել է Էր Ռիադում ՌԴ–ի և ԱՄՆ–ի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկից առաջ, հայտնում է RT-ն։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ ամենաշատը տուժել են ՏՏ և մեդիա ոլորտները։
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարը պատմել է, որ ռուսական շուկան լքելուց հետո ամերիկյան բիզնեսն ավելի քան 300 մլրդ դոլար է կորցրել։
«Համատեղ տնտեսական ուղիների որոնում, հարցերի դրական լուծումներ. սա չափազանց կարևոր է հիմնականում ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համար, որոնք սկսում են հասկանալ, որ ռուսական շուկան չափազանց գրավիչ է, և որ պետք է ներկա լինել այնտեղ», - ասել է նա։
Դմիտրիևը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը բանակցություններում հստակ կլսվի և երկխոսությունը կշարունակվի։
Միևնույն ժամանակ, CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի որոշ ներկայացուցիչների հետ։ Դմիտրիևի խոսքով` նրանք հիանալի լուծում են խնդիրները:
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները
Ռուս-ամերիկյան բանակցությունները մեկնարկել են փետրվարի 18-ին։ Դրանց ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնմանը, ինչպես նաև ուկրաինական կարգավորման քննարկման նախապատրաստմանն առնչվող հարցեր։