ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպը տեղի է ունեցել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, հնչել են կրակոցներ։ Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ 3 անձ է կալանավորվել, ևս 3-ի նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
«Այժմ կալանքի տակ է գտնվում 4 անձ»,– ասաց Ավդալյանը։
Հավելենք, որ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։
Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ. 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։
Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։