ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ը հարցում է ուղարկել Ռուսաստան՝ Ռիչարդ Նորլանդին Մոսկվայում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում համաձայնեցնելու համար։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Եթե ռուսական կողմը հաստատի դիվանագետի թեկնածությունը, ապա Նորլանդը կարող է փոխարինել Լին Թրեյսիին, որը նշանակվել է դեռևս Բայդենի վարչակազմի օրոք և դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2023 թվականի սկզբից: Թրեյսին մինչ այդ դեսպան էր Հայաստանում։
Նորլանդը 35 տարվա փորձ ունեցող դիվանագետ է. նա դեռևս 1980-ականների վերջին աշխատել է ԽՍՀՄ-ում ամերիկյան դեսպանատանը, այնուհետև եղել է Լիբիայում, Վրաստանում և Ուզբեկստանում ԱՄՆ դեսպանը:
Թերթի տվյալներով՝ Նորլանդն առաջադրվել է դեռ Բայդենի օրոք, ընդ որում՝ նրա թեկնածությունը հետ չի կանչվել նաև Թրամփի վարչակազմի կողմից։
Միաժամանակ, Ռուսաստանը հույս ունի, որ շուտով ամերիկյան կողմը կլուծի Ալեքսանդր Դարչիևի ագրեմանը տալու հարցը, որն ավելի վաղ Կանադայում ՌԴ դեսպանն էր:
Դեսպանությունների աշխատանքի հարցը փետրվարի 15-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա նոր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոն: