Մահացել է «Nutella»–ի ստեղծողը

Ֆրանչեսկո Ռիվելլա
Ֆրանչեսկո Ռիվելլան կյանքից հեռացել է 97 տարեկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մահացել է իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը զգալի ներդրում է ունեցել «Nutella» շոկոլադե մածուկի ստեղծման ու հանրահռչակման գործում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Messaggero» թերթին։
Ըստ պարբերականի` 97–ամյա քիմիկոսը կյանքից հեռացել է Սուրբ Վալենտինի օրը։
Քիմիայի ֆակուլտետում ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելլան աշխատանքի է անցել շոկոլադ և այլ հրուշակեղեն արտադրող Ֆերրերո ընտանիքի մոտ։ Շուտով Ռիվելլան դարձել է Թուրինի գործարանը հրուշակեղենի հսկայի վերածած Միկելե Ֆերերոյի մտերիմը։
«Ռիվելլան դարձավ Միկելե Ֆերերոյի աջ ձեռքը. նա հատուկ Միլանում ստեղծված լաբորատորիայում հետազոտում էր եվրոպական մրցակիցների արտադրանքը և այն հումքը, որը Միկելեն ձեռք էր բերում հորեղբոր` Ջովաննիի հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Այս ամենի արդյունքում «Ferrero» ընկերությունը ստեղծեց աշխարհահռչակ «Nutella» շոկոլադե մածուկը, որն այս տարի կնշի 60-ամյա հոբելյանը, իսկ Ռիվելլան Միկելեի մոտ աշխատեց մինչև թոշակի անցնելը` 1993 թվականը։
Ռիվելլան կյանքից հեռացել է Միկելե Ֆերերոյի մահից ուղիղ տասը տարի անց։