Երևանում կասեցվել է «Հրաշամանուկ» մանկապարտեզի գործունեությունը

Մանկապարտեզում, մասնավորապես, հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանում «Հրաշամանուկ» ՍՊԸ–ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցը
ՍԱՏՄ տեսուչները մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում ստուգումներ են անցկացրել ու պարզել, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի համար սահմանված հիգիենիկ նորմերի խախտմամբ։
«Խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն»,– ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, լվացարանի տակ գտնվող դարակաշարը, ինչպես նաև սնունդ մշակելու համար նախատեսված սեղանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող նյութերից։
«Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցը
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։