ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իսրայելի զինված ուժերը (ՑԱԽԱԼ) փետրվարի 18-ին հրադադարի մասին համաձայնագրի շրջանակում կսկսեն դուրս բերել զորքը հարավային Լիբանանից, սակայն զինվորականների մի մասը կմնա սահմանի հինգ ռազմավարական դիրքերում՝ կանխելու «Հզբոլլահի» վերադարձը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Kan» պետական հեռուստառադիոընկերությանը։
«Kan»–ի տվյալներով՝ վերջին երկուսուկես ամսվա ընթացքում իսրայելցի զինվորականները ստուգել են «Հզբոլլահի»` սահմանամերձ շրջաններում գտնվող գրեթե յուրաքանչյուր տուն և օբյեկտ՝ վերացնելով ահաբեկչական ենթակառուցվածքի զգալի մասը:
Իսրայելը մտադիր է պահել դիրքերն այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել, որ «Հզբոլլահը» հրաժարվել է ռազմական ակտիվությունից Լիտանի գետից հարավ։
Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիդ Մենցերը հայտարարել է, որ Իսրայելը պահպանում է հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն դրա ցանկացած խախտման կոշտ պատասխան կհետևի: Լիբանանի իշխանությունները, նրա խոսքով, պետք է կատարեն ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք արգելում են զինված կազմավորումները Լիտանիից հարավ` բացառությամբ լիբանանյան բանակի և ՄԱԿ-ի խաղաղապահների:
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք էր բերվել 2024 թվականի նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ։ Ի սկզբանե Իսրայելը պետք է դուրս բերեր զորքերը մինչև հունվարի 27-ը, սակայն հետագայում պայմանագիրը երկարաձգվեց մինչև փետրվարի 18-ը։