ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հուսով է, որ Ահմեդ աշ-Շարաայի շնորհիվ Սիրիայի պատմության մեջ նոր ու փայլուն էջ կբացվի։ Նա այդ մասին գրել է Սիրայի նոր նախագահին հղած նամակում, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Արամ Առաջինը հիշեցրել է, որ Սիրիայի ժողովուրդն իր բոլոր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջոց և դիմացել` հուսալով, որ երկրում պետք է հավասարություն տիրի, ինչպես նաև պիտի հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները»,– ասված է հաղորդագրությունում։
Կաթողիկոսն իր նամակի վերջում հաջողություն է մաղթել Ահմեդ աշ-Շարաային:
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, դրանից հետո նախագահ Բաշար Ասադը թողեց պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որն ավելի վաղ Իդլիբ նահանգում գլխավորում էր այսպես կոչված «փրկության կառավարությունը», հայտարարեց, որ մինչև 2015 թվականի մարտի 1-ը կղեկավարի անցումային շրջանի կառավարությունը։
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան (հայտնի է Ջուլանի անունով), որը հունվարի վերջին հռչակվեց Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի աջակցել սիրիացի ժողովրդին՝ ելնելով այն սկզբունքից, որ երկրի ապագան պետք է որոշեն հենց սիրիացիները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է բանակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ բոլոր արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Տարտուսում ռազմածովային ուժերի բազայի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունները: