ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանան վերակենդանացման բաժանմունքում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաև դեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
«Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում, սակայն այրվածքներն այնպիսին են, որ պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում՝ հսկողության տակ»,- հայտնեցին կենտրոնից։
Բուժկենտրոնից մանրամասնեցին՝ այրվածքների վերքերն այնպիսին են, որ մի քանի ժամվա մեջ է խորությունը երևում։ Եթե նոր բարդություններ ի հայտ չգան, առավոտյան նրան հիվանդասենյակ կտանեն։
Հիշեցնենք` այսօր ժամը 14։00–ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գևորգ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել, վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։