ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին Մարտունու բժշկական կենտրոնից։
Հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաևդեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Հիշեցնենք` այսօր ժամը 14։00–ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գևորգ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր
© Sputnik