ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները, իսկ Գեղարքունիքի մարզում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են նաև, որ Արագածի, Ապարանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջաններում, Երևան-Սևան, Գորայք-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Աշտարակի, Թալինի տարածաշրջաններում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է։