Հայաստանում տղամարդիկ ավելի հաճախ են սկսել դիմել խնամքի կենտրոններ զանազան պրոցեդուրաներ ստանալու համար։ Այս մասին «Առանց տաբուների» հաղորդաշարի տաղավարում պատմեց պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը։
«Նախկինում հիմնականում մազաթափության կամ դեմքի խնամքի համար էին դիմում տղամարդիկ, սակայն հիմա բազմաթիվ պրոցեդուրաների են դիմում։ Տեսնելով, որ իրենց կողքի կանայք առողջ են, գեղեցիկ, սպորտով են զբաղվում, սկսել են հետևել իրենց», – նշեց նա։
Մինասը նաև նկատեց, որ հաճախ հենց կանայք են տղամարդկանց ուղեկցում խնամքի կենտրոններ` մոռանալով ամենակարևորի` տնային խնամքի մասին։ Այնինչ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կլիման` կանանց դեպքում դա անհրաժեշտություն է։
«Այս հարցում կարևոր երեք քայլ կա` դիմահարդարման մաքրումը, դեմքը լվանալը և խոնավացնող քսուկ օգտագործել։ Նաև կարևոր է արևապաշտպան միջոցների օգտագործումը։ Խնամքն ու հակատարիքային պրոցեդուրաները առողջ մաշկի վրա ավելի լավ ու երկարատև արդյունք են տալիս», – ասաց մասնագետը։
Նա նաև նկատեց, որ հայերը ծերանում են սլավոնական տիպին բնորոշ այտուցային ձևով, հետևապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկին խնամքին։ Մասնագետը լայֆհաք է առաջարկում աղջիկներին ` լավ ուսումնասիրել մայրիկի դեմքի խնդիրները և վաղ տարիքից փորձել կանխարգելել դրանց առաջացումը։
Մասնագետը պատմել է նաև բոտոքսի ու ֆիլլերի մասին, համեմատել բիզնեսի և ընտանիքի կառավարումը, խոսել Մեղրիում անցկացրած մանկության, իր ամուսնու ու երեխաների մասին։ Այս և այլ թեմաների շուրջ ավելի մանրամասն` տեսանյութում։