ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն արդեն երկար տարիներ հասանելիություն ունի հույժ գաղտնի տեղեկություններին։ Այդ մասին նա հայտնել է X սոցցանցում:
«Ես երկար տարիներ հասանելիություն ունեմ հույժ գաղտնի տեղեկություններին և ունեմ հասանելիություններ, որոնց գոյությունն իսկ գաղտնի է։ Մյուս կողմից էլ չափազանց շատ տեղեկություններ են գաղտնագրվում»,-իր էջում գրել է Մասկը։
Ձեռնարկատիրոջ կարծիքով` եթե ինչ-որ տեղեկատվություն հեշտությամբ կարելի է գտնել համացանցում կամ այն ի սկզբանե ակնհայտ է, ապա այն գաղտնագրելու կարիք չկա։ Դա միայն խանգարում է կառավարական գերատեսչությունների փոխգործակցությանը։
Գործարարը DOGE-ի ղեկավարն է դարձել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Նոր դեպարտամենտի ստեղծման ժամանակ հայտարարվել էր, որ այդ կառույցը պետք է «կրճատի ծախսերն ու վերակազմավորի դաշնային գործակալությունները»։
Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գերատեսչության աշխատակիցները հասանելիություն են ստացել միլիոնավոր պետական ծառայողների գաղտնի տվյալներին` կադրային ծառայության տեղեկատվությանը, հասցեներին, աշխատավարձերին, անուններին և սոցիալական ապահովագրության համարներին:
Այդպիսի լիազորություններից ոչ բոլորն են գոհ։ Այսպես, Նյու Յորքի շրջանային դատարանը Մասկի դեպարտամենտի համար արգելափակել է հասանելիությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերին։ Դատավորը նախնական արգելք է սահմանել այն բանից հետո, երբ 19 դեմոկրատ գլխավոր դատախազներ դատի են տվել Թրամփին:
Դեմոկրատներն իրենց հերթին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում օրինագիծ են ներկայացրել, որը սահմանափակում է վճարային համակարգերի միջոցով DOGE-ի հասանելիությունը գաղտնի տվյալներին:
Բացի այդ, փետրվարի 13–ին հայտնի է դարձել, որ ամերիկյան 14 նահանգներ դաշնային հայց են ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ՝ DOGE-ին մեղադրելով անսահմանափակ իշխանության և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ: