ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևան» շարժման բողոքի ակցիայի ցրումը և հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանի կալանավորումը անօրինական ճանաչելու որոշումը։
Հայաստանը, ըստ որոշման, Հովհաննես Իշխանյանին պետք է վճարի 4600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և ևս 1500 եվրո էլ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Նշենք, որ 2015 թվականի մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ–ն դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խնդրելով թուլատրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով 1կՎտ/ժ–ի համար։
Հունիսի 17-ին ՀԾԿՀ-ն որոշում էր ընդունել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու մասին:
2015 թվականի հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիաներ։ Ցուցարարներն այդ օրն իշխանություններին 72 ժամ էր տվել ՀԾԿՀ որոշման գործողությունները կասեցնելու համար։
«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ ընդգծվում է, որ հասարակական գործչին ոստիկանությունում թաց հագուստով և առանց հանգստի 7 ժամ պահելը հավասարազոր է ազատությունից զրկելուն։ Դատարանը նաև որոշել է, որ կալանավորման հիմքեր չեն հայտնաբերվել։
ՄԻԵԴ վճռում ընդգծվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցի ժամանակ ձերբակալությունները կատարվել են զանգվածային` առանց գործողությունների հանցավորության անհատական գնահատման և առանց հանցագործության կատարման հիմնավոր կասկածի։