ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սպիտակ տունը հաստատել է, որ ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը, որը նախկինում դատապարտվել էր Ֆրանսիայում և ԱՄՆ-ում դատավճռի էր սպաում փողերի լվացման մեղադրանքով, ազատ կարձակվի և կհանձնվի Ռուսաստանին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնել ենք, այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկար և արդյունավետ զրույց են ունեցել, ԱՄՆ–ի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին ազատ արձակելու համար և նշել, որ փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ն ազատ կարձակի Ալեքսանդր Վիննիկին:
«Ինչպես գիտեք, մենք հաստատեցինք, որ Ռուսաստանը շուտով Ալեքսանդր Վիննիկին տուն կտանի։ Նա բռնի հանցագործություններ չի կատարել․․․ Եվ նա զրկվել է իր անօրինական գործողությունների արդյունքում ստացված 100 միլիոն դոլարից»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը Սպիտակ տան հարթակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
2017 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները փակեցին BTC-e կրիպտոբորսան, և հենց այդ ժամանակ էլ նրանց հայցով Հունաստանում ձերբակալվեց Ալեքսանդր Վիննիկը: ԱՄՆ-ն նրան մեղադրում էր BTC-e-ի միջոցով 4 միլիարդ դոլարից մինչև 9 միլիարդ դոլար արժողությամբ միջոցների լվացման և Ճապոնական Mt. Gox․ բորսան «կոտրելու» մեջ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը BTC-e-ն անվանեց այն հարթակներից մեկը, որի շնորհիվ «կիբեռհանցագործները ամբողջ աշխարհում փոխանակում, լվանում և պահում էին իրենց անօրինական գործունեությունից ստացված հանցավոր եկամուտները»:
2020 թվականին Վիննիկին Հունաստանից արտահանձնեցին Փարիզ, քանի որ Ֆրանսիայում նրան կասկածում էին շորթումների, անձնական տվյալների գողացման և BTC-e-ի միջոցով փողերի լվացման մեջ։ Արդյունքում 2021 թվականին ֆրանսիական դատարանը նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։ 2022-ին Վիննիկին Հունաստանով տեղափոխեցին ԱՄՆ, որտեղ 2024 թվականի մայիսին նա ընդունեց իր մեղքը փողերի լվացման նպատակով հանցավոր պայմանավորվածության մեջ։ ԱՄՆ-ում դատավճռի հրապարակումը նշանակված էր 2025 թվականի հունիսին։