ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Սիրիայի նոր իշխանությունները դրական ուղերձներ են ստանում Ռուսաստանից և Իրանից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի անցումային կառավարության ԱԳ նախարար Ասաադ Հասան աշ-Շիբանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դրական ազդակներ կան։ Սակայն մենք ցանկանում ենք, որ նրանք անցնեն հստակ քաղաքականության», - ասել է նա Դուբայում Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ կան հստակ ուղերձներ, որոնք վերաբերում են Սիրիայի նոր վարչակազմի նկատմամբ հարգանքին և սիրիացի ժողովրդի ինքնիշխանությանը:
«Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայի ժողովրդի խնդիրը Բաշար Ասադի վարչակարգին աջակցելն էր, բայց հարցը Մոսկվան կամ Թեհրանը չեն: Ողջունում ենք փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու ցանկացած հարաբերություն»,- ընդգծել է աշ-Շաբանին՝ պատասխանելով այդ երկրների հետ Սիրիայի ապագա հարաբերությունների մասին հարցին։
Նա նաև հավելել է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է գոհ լինի հարաբերությունների վերականգնումից:
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո Բաշար Ասադը լքեց երկիրը։
2025-ի հունվարին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ անցումային շրջանում նախագահի պարտականությունները կկատարի Ահմեդ ալ-Շարաան ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում):