ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և այժմ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իրենց պատկանող տարածքներում «պայթուցիկի տեղադրման գործով» չեն ներկայանում դատարան։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի` 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ էին կազմակերպվել։ Գործով կալանավորված է դաշնակցական Գագիկ Սարգսյանը։
«Դատական իշխանության նկատմամբ հարգանքի, դատական անկախության մասին ԱԺ ամբիոնից հայտարարություններ անող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ։ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցում են դատարան ներկայանալ, սակայն վերջիններս չեն ներկայանում»,– գրում է թերթը։
Գագիկ Մելքոնյանն ու Գուրգեն Արսենյանն այս գործով տուժող են ու պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու:
Հիշեցնենք, որ այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով (այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար) քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Կալանավորվածներից մեկը Գագիկ Սարգսյանն է, որին ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինները տուն ներխուժելով բերման էին ենթարկել։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։