Աղմկոտ պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահն ամբողջ օրն անցկացրել է Մոդիի հետ

Նարենդրա Մոդին ու Էմանուել Մակրոնը
Համաշխարհային բոլոր ԶԼՄ–ները տարածել էին այն տեսանյութը, որում Մակրոնն անտեսում է Հնդկաստանի վարչապետի մեկնած ձեռքը։ Առաջնորդներն այսօր ցրել են խոսակցություններն այն մասին, թե տարաձայնություններ ունեն, և բացել են Մարսելում Հնդկաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երեկվա աղմկահարույց պատմությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանաբար ցանկացել է մեղքը քավել և օրն անցկացրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք միասին այցելել են Մարսելում ֆրանսիական լոգիստիկ CMA-CGM ընկերության կառավարման կետ:
Երեկ տեղեկացրել էինք, որ Մակրոնը Փարիզում կայացած արհեստական բանականության գագաթնաժողովում չի սեղմել Հնդկաստանի վարչապետի ձեռքը, միաժամանակ բարևել է գագաթնաժողովի մյուս մասնակիցներին, ինչպես նաև համբույրներ փոխանակել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
«Վարչապետին ներկայացվել է ընկերության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև «Մերձավորարևելյան միջանցքի» համագործակցության հարցը», - ասվում է Հնդկաստանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Այնուհետև Ֆրանսիայի և Հնդկաստանի առաջնորդներն այցելել են զինվորական պանթեոն, որտեղ թաղված են նաև Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի կողմից կռված հնդիկ զինվորները:
«Ավելի քան 100 հազար հնդիկներ 1914 թվականին կռվեցին Ֆրանսիայի համար, նրանցից 10 հազարն այդպես էլ չվերադարձան։ Նրանք ոտք դրեցին Մարսելի հողի վրա` չկասկածելով, որ մահվան են գնում։ Դա ընդմիշտ կապում է Ֆրանսիային ու Հնդկաստանին», - գրել Է Մակրոնը X սոցցանցում։
Մակրոնը և Մոդին նաև բացել են Մարսելում Հնդկաստանի նոր գլխավոր հյուպատոսությունը: