ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևան փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի պնդմամբ` իրենք չեն կարող ամբողջությամբ կատարել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների ցանկությունները։ Այս մասին Փամբուխչյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս–Հարավ ճանապարհը և դժգոհում էին, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել, գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխել և այլն:
Նշենք, որ Արմեն Փամբուխչյանը պատրաստվում է հանդիպել թաղամասի բնակիչների հետ փետրվարի 12-ին։
«Պատրաստվում եմ ուղիղ եթերով հանդիպել իրենց հետ։ Բնակիչները նշում են, որ մեկ հանդիպում է եղել, բայց դրանք 2-ն են եղել` մեկը քաղաքապետի գլխավորությամբ։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ էլ բնակիչներից մեկին` Գվիդոնին ենք հանդիպել, որը նաև հավաստիացնում է` լիազորված է բոլորի անունից։ Պնդումները, թե ոչ մի գործ առաջ չի գնում` իրականությանը չեն համապատասխանում»,– ասաց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով` մեկ կարևորագույն խնդիր կա` գերեզմանատան հետ է կապված։ Ընդգծեց` քաղաքապետի որոշմամբ այդ գերեզմանատունը փակվել էր, սակայն բնակիչների խնդրանքով այն կրկին բացվել է, բայց այդ հատվածում սանիտարական գոտի կա, որտեղ 300 մ շառավղով չպետք է բնակելի կամ այլ տարածք լինի։
Փամբուխչյանը վստահեցրեց` չեն կարող ամբողջությամբ կատարել թաղամասի բնակիչների ցանկությունները, միևնույն ժամանակ էլ պահպանել սանիտարական գոտին ու մնացած անհրաժեշտ կանոնները։
«Իրենք պետք է որոշեն` կամ ունենում են սանիտարական գոտի, որը փակ գերեզման է համարվելու և այլևս որևէ հուղարկավորություն չի իրականացվելու, կամ բաց է մնում գերեզմանատունը ու կամաց–կամաց այն մոտենում է բնակելի տներին։ Մենք երրորդ տարբերակ էլ ենք առաջարկել` քաղաքաշինության կոմիտեի նախագահի որոշման մեջ փոփոխություն անել ու այդ տարածքը կիսաբաց գոտի համարել։ Այսինքն` եթե գործող գերեզմանատուն ունեն, ապա հարազատի մահվան դեպքում կարող են հուղարկավորություն անել, բայց նորը` ոչ։ Դա պետք է նաև կառավարություն գնա, այդ բանակցությանն էլ ենք պատրաստ»,– նշեց փոխքաղաքապետը։
Հիշեցնենք` փետրվարի 10-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։