Աշխատում ենք Կուրսկի բնակիչների համար հումանիտար միջանցք բացելու ուղղությամբ. Մոսկալկովա

Տատյանա Մոսկալկովա
Տատյանա Մոսկալկովայի խոսքով` հույս կա, որ հարցը դրական լուծում կստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինայի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ աշխատում է Կուրսկի մարզի բնակիչների համար մարդասիրական միջանցք բացելու հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Մենք աշխատում ենք Ուկրաինայի հետ այս հարցի շուրջ... Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Հարցի դրական լուծման հույս կա», - ասել է նա։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։