ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է

ԶՊՄԿ
ԶՊՄԿ
Տարիներ շարունակ Հայաստանի «1000 խոշոր հարկատուների» ցանկը գլխավորող կոմբինատում աշխատանքները կաթվածահար էին գրեթե 11 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայաստանի թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։
Աշխատակիցներն ընդունել են ղեկավարության ներկայացրած առաջարկները, և կոմբինատում արդեն արտադրական գործընթացները վերագործարկման փուլում են։
«Մեր գործընկերներն ընդունել են ներկայացված առաջարկները, մասնավորապես՝ հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցում»,- նշեց Մարգարյանը։
Նրա խոսքով՝ կատարված բարեփոխումների արդյունքում կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը բարձրացվում է 20 տոկոսով։
Հիշեցնենք` ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից ակցիա են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։ Փետրվարի 6-ին ԶՊՄԿ–ն հանցագործության մասին 3 հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին։ Կոմբինատի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։
Ընկերությունը փետրվարի 7-ին հայտնեց, որ բոյկոտող անձանցից 8–ն ազատվել են աշխատանքից։
2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։
Մտահոգված ենք. ՀՀ էկոնոմիկայի նախարարը` ԶՊՄԿ–ում տիրող իրավիճակի մասին