Վիճաբանություն և կրակոցներ Ջրաբեր գյուղում. փախչողը կրակել է նաև ոստիկանի ուղղությամբ

«Մակարով» ատրճանակ
Ոստիկանները սպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդուն վնասազերծել և ձերբակալել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում հնչել են նաև կրակոցներ, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Փետրվարի 9–ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ պատռված վերքով բուժօգնության են դիմել Շիրակի մարզի Բյուրակն գյուղի 36-ամյա և հրազենային բաց կոտրվածքով՝ Բերքաբեր գյուղի 40-ամյա բնակիչներ։
Ըստ նախնական տվյալների, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդը նույն օրը գնացել է Նոր Գյուղ համայնքում գտնվող 40-ամյա տղամարդու տուն։ Նա հարձակվել է այնտեղ գտնվող 36-ամյա տղամարդու վրա, էլեկտրոնային սղոցով հարվածել նրա գլխին, վերցրել կացին, կրկին հարվածներ հասցրել նրան, ինչից հետո իր մոտ գտնվող ատրճանակից կրակոցներ արձակել օգնության հասած 40-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի մեքենայի ուղղությամբ։ Կատարվածի հետևանքով 40-ամյա տղամարդը ստացել է հրազենային վնասվածք։
Տեսնելով ոստիկաններին՝ 48-ամյա տղամարդուն մեքենայով դիմել է փախուստի։ Նա 2 կրակոց է արձակել քրեական ոստիկանների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայողական մեքենային։
«Հետապնդելու ընթացքում տեսնելով, որ կրկին կրակոց է արձակում իրենց ուղղությամբ, քրեական ոստիկանն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո մեկ անգամ կրակել է մեքենայի անվադողի ուղղությամբ։ Օգնության հասած պարեկների կողմից հետապնդվող մեքենան կանգնեցվել է։ Տղամարդը վնասազերծվել և ձերբակալվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անձնական խուզարկությամբ 48–ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված վիճակում։ Փամփշտատուփի մեջ առկա է եղել ևս 1 փամփուշտ, իսկ գրպանում՝ 3,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։