ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանություններն առայժմ չեն նախատեսում չիպեր տեղադրել ավտոմեքենաների թերլիցքավորման դեմ պայքարի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Ավելի վաղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը դիտարկում է կայաններում գազի թերլիցքավորման դեմ չիպերի տեղադրման միջոցով պայքարելու հնարավորությունը:
Sputnik Արմենիան Գևորգյանին խնդրել է պարզաբանել, թե երբ է հանձնաժողովը մտադիր սկսել գործընթացը, ինչպես են իրականացնելու ստուգումը, և արդյոք վարորդները կկարողանան ինքնուրույն ստուգել լիցքավորված վառելիքի ծավալը։
Հանձնաժողովից ի պատասխան հայտնել են, որ քննարկվում է տեխնիկական լուծումներ կիրառելու, այդ թվում՝ չիպերի տեղադրման հնարավորությունը։
«Լուծման հստակ տարբերակ լինելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ ասուլիսի ժամանակ Գևորգյանը նշել էր, որ գերատեսչությունը զգալի խաբեության փաստեր է արձանագրում հեղուկ գազի և մեթանի որոշ լցակայաններում: