ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մոսկվան Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ տարբեր ազդակներ է ստանում Վաշինգտոնից, սակայն գործնականում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը դեռ տեսանելի չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կիևին տրվող օգնությունը շարունակվում է, միաժամանակ փորձեր են արվում հարցը ներկայացնել այնպես, որ եթե Մոսկվան շահագրգռված է ինչ-որ կարգավորմամբ, ապա պետք է գնա զիջումների և փոխզիջումների», - ասել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը բավական հստակ է, չունի կրկնակի հատակ կամ ծածուկ գաղափարներ և ուղղակիորեն շարադրված է ՌԴ նախագահի կողմից:
«Գետնի վրա իրավիճակի որոշակի տեղաշարժեր են տեղի ունենում, որոնք նույնպես չի կարելի հաշվի չառնել։ Եվ մենք պարզապես պետք է հասնենք նրան, որ մեր հակառակորդներն ու ԱՄՆ-ի նոր վարչակազմի մեր ընդդիմախոսներն ընկալեն ու ընդունեն` համաձայնության գալ չի ստացվի` առանց Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառները ներկայացնող խնդիրները լուծելու », - ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ ռուսաստանյան կողմը չի ընդունի ուկրաինական ճգնաժամի կիսատ կարգավորումներ։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումների համաձայնեցված ժամանակացույց այսօր չկա, իսկ երկու երկրներն ունեն շփման խողովակներ։
«Դրանք գտնվում են աշխատանքային վիճակում։ Այլ բան է, որ մենք բարձրագույն մակարդակով, քաղաքական մակարդակով ինչ-որ շփումների մասին պայմանավորվածություններ չունենք։ Դա միանգամայն հնարավոր է։ Այդ առումով մենք պատրաստակամ ու բաց ենք, ինչի մասին Ռուսաստանի նախագահը բազմիցս խոսել է», - հավելել է Ռյաբկովը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով «New York Post» թերթին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության դադարեցման հարցով հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: