ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` X-ի իր էջում շնորհավորելով Լիբանանի նորանշանակ վարչապետին Նավաֆ Սալամին։
«Նավաֆ Սալամին սրտանց շնորհավորում եմ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է նա։
Հիշեցնենք` Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը փետրվարի 8-ին հրամանագիր է ստորագրել նոր կառավարություն ստեղծելու մասին։ Գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել Նավաֆ Սալամը։ Լիբանանի կառավարության կազմում 24 նախարար կա։ Պաշտոնները հավասարապես բաժանված են մահմեդականների և քրիստոնյաների միջև։ Լիբանանի նոր կառավարությունում երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել լիբանանահայ պրոֆեսոր Նորա Բայրաքդարյանը։