ԵՐԵՎԱՆ, 8 փետրարի - Sputnik. Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանը խորհուրդ է տվել արդար լինել Վրաստանի նկատմամբ և ավելի ուշադիր հետևել սեփական խնդիրների լուծմանը:
«Կոչ եմ անում բոլորին արդար լինել Վրաստանի, վրաց ժողովրդի, հետևաբար նաև Վրաստանի կառավարության հանդեպ և ուշադրությամբ վերաբերվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական այն խնդիրների լուծմանը, որոնց բախվում է ԵՄ-ն», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն սխալ ուղղությամբ է շարժվում, ինչի հետևանքը Եվրոպական միությունում քաղաքական ճգնաժամն է, ինչպես նաև ԵՄ-ում առաջացած տնտեսական խնդիրները: Միտումները չափազանց բացասական են։
Կոբախիձեն պնդում է, որ երկրում բողոքի ակցիաների կազմակերպիչների և մասնակիցների նպատակը Վրաստանի համար տնտեսական խնդիրների ստեղծումն է:
«Բոլորը պարզ տեսնում են, որ նրանք այլևս չեն կարող հեղափոխություն կազմակերպել։ Ամենայն հավանականությամբ, նրանց միակ նպատակը տնտեսական աճը դանդաղեցնելն է։ Իհարկե, մենք չենք կարող դա թույլ տալ», - նշել է նա։
Ավելի վաղ՝ Վրաստանում բողոքի ակցիաներից հետո այդ երկրի իշխանության կողմից օրենսդրության խոտացումից հետո, Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարություն էին տարածել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նրանց կարծիքով, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ժողովրդավարական զարգացման լուրջ հետընթաց են արտացոլում և չեն արդարացնում Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի նկատմամբ սպասումները: Նրանք նաև կոչ են արել իշխանություններին դադարեցնել նշված միջոցառումները, զերծ մնալ լարվածության հետագա աճից և սպասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությանը:
Դրա հետ մեկտեղ, եվրոպական պաշտոնյաները կոչ են անում վրացական իշխանություններին ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, ապահովել երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Վրաստան-ԵՄ հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին, և Թբիլիսին գնալով ավելի հաճախ է դառնում Եվրամիության առաջնորդների քննադատության թիրախ՝ ընդունվող որոշումների պատճառով։ Հարաբերությունները հատկապես լարված են դարձել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները տարեվերջին հայտարարեցին ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու մասին: