ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոյկոտող անձանցից 8–ն ազատվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի բաժինը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ հունվարի 31-ից ակցիա են անում և պահանջում են բարձրացնել աշխատավարձերը: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։ Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև։
«Ընկերությունը սկսել է սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց` խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի վերաբերյալ՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի, Արշակյան Կարեն Մարութի, Մխիթարյան Վահե Սամվելի, Բաբաջանյան Գոռ Վրեժի, Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի, Անդրեասյան Կարեն Արկադիի և Աթայան Տիգրան Արշամի»,– հայտնում է ԶՊՄԿ–ն։
Նշվում է, որ այդ անձինք այլևս չեն հանդիսանում ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած չունեն ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։
ԶՊՄԿ–ն աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին հորդորել է օգտագործել հնարավորությունը` իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
«ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու երաշխիքը կախված է աշխատանքն անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։
2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։