Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող ապօրինի և շինծու դատավարությունը ուղեկցվում է ամբաստանյալների աթոռին հայտնվածների իրավունքների կոպիտ խախտումներով։
Պարզվում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թարգմանիչը սխալ է թարգմանել Վարդանյանին առնչվող մի քանի հարյուր հատորներից բաղկացած ադրբեջաներեն գործը, որոշ տեղերում Ադրբեջանի օրենսդրության փոխարեն հղումներ անելով Բելառուսի օրենսդրությանը։
Կատարվածի մասին Վարդանյանի փաստաբանը պատմել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքին, Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր, անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել:
Ըստ Սահակյանին փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։
Sputnik Արմենիայի հարցին, թե որքանով կարող է Վարդանյանի փաստաբանը անկախ լինել, հաշվի առնելով Ադրբեջանում իշխանությունների ճնշումները փաստաբանական գրասենյակի վրա, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ համեմատության մեջ մասնավոր փաստաբանն ավելի լավ է, քան պետության տրամադրած հանրային պաշտպանը։