ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում Ռուսական տան հարցը դրական լուծում կստանա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև խոսել է Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը Մոսկվայի պատասխանի մասին:
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կատարել Ռուսական տան գրանցումն ավարտելու համար անհրաժեշտ գործողությունները և դա անել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,-հայտնել է Զախարովան:
Նա նաև կոչ է արել չտրվել ԶԼՄ-ների սադրանքներին, որոնք լրտեսամոլություն են հրահրում։
Ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել էր, որ Ադրբեջանից նոտա է ստացել Բաքվում Ռուսական տունը գրանցելու անհրաժեշտության մասին: