Երևանի մետրոյում խուլիգանություն կատարելու համար կասկածվող 5 անձ կալանավորվել է

Արխիվային լուսանկար
Օտարերկրացիները ձերբակալվել էին, երբ փորձ էին արել Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Երևանի մետրոյում խուլիգանություն կատարելու մեջ կասկածվող 5 անձանց նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն տեղեկացրել էր, որ փետրվարի 1-ին` ժամը 21:12-ին, «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել են պատն ու ներկել գնացքը։ ՆԳՆ-ից էլ ավելի ուշ հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացիներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Լիտվայի քաղաքացի է, մյուսները՝ ՌԴ։ Shamshyan.com–ին հայտնի էին դարձել նաև խուլիգանության մեջ կասկածվող անձանց ինքնությունները՝ Լիտվայի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Լուկաս Ռևինսկասը, ՌԴ քաղաքացիներ 20-ամյա Գեորգի Ռադգինը, 20-ամյա Սավելի Բիրյուկովը, 27-ամյա Նիկիտա Վոլչենկովը, 19-ամյա Ստեփան Սայը: