Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների շինծու դատավարությունը

Բաքվում Արցախի ղեկավարների դատավարությունը. Արխիվային լուսանկար
Գերիներից մեկը կինը երեկ է հեռախոսազրույց ունեցել ամուսնու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։
Նշենք, որ Բաքուն վերջիններիս մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և ըստ այդ երկրի՝ մի շարք այլ «հանցանքների» համար:
MediaHub-ը զրուցել է գերեվարված Լևոն Բալայանի կնոջ` Նաիրա Բալայանի հետ։ Կինն ասել է, որ չնայած ամուսինը՝ Լևոն Բալայանը, երեկ է զանգահարել, իրենք լրատվամիջոցներից են իմացել, որ հերթական դատավարությունն այսօր է։
«Հեռախոսով մենք շատ հարցեր չենք տալիս, ընդամենը հետաքրքրվում ենք միմյանց որպիսությամբ, առողջականով, տրամադրությամբ, սպասումների մասին ենք խոսում, ինքն էլ երեխաներից է հարցնում։ Նույնիսկ չգիտեմ՝ այսօր իրե՞նց դատն է, թե՞ ղեկավարության։ Բայց կարծում ենք՝ դատավարությունը դեռ երկար ընթացք է ունենալու»,- ասաց Նաիրան։
Հավելենք, որ 46-ամյա Լևոն Բալայանը 3 անչափահաս երեխա ունի։ Նա գերության մեջ է հայտնվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի լեռնաանտառային հատվածից, իսկ ընտանիքն Արցախի հայաթափումից հետո հաստատվել է Արտաշատի Մրգավան գյուղում։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: