ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը նախկին փաստաբան Էլման Փաշաևի խափանման միջոց կալանքը չի փոխել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի կայազորային զինվորական դատարանը հունվարի 13-ին մինչև մարտի 15-ը ժամկետով երկարաձգել էր Փաշաևի կալանքի ժամկետը: Տվյալ նիստին հայտնի դարձավ, որ նախկին փաստաբանի դեմ հարուցվել է ևս մեկ գործ, որով նա ունի կասկածյալի կարգավիճակ։ Փաշաևին մեղսագրվող խարդախության երկրորդ դրվագի մանրամասներն այն ժամանակ չէին հրապարակվել։
«Խափանման միջոցը երկարաձգելու որոշումը թողնել անփոփոխ», - հայտարարել է դատավորը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշաևին մեղսագրվող խարդախության երկրորդ դրվագը կապված է թմրավաճառին Հատուկ ռազմական գործողության գոտում հարմարավետ կացարան տալու՝ նրա խոստման հետ: Այս մասին հայտնի է դարձել դատարանում, որտեղ ընթերցվել է արգելված նյութերի առևտրի մեջ մեղադրվող ոմն Զախարովի հարցաքննության արձանագրությունը։ Վերջինիս խոսքով՝ Փաշաևն իրեն խոստացել է, որ նախ պետական պարգև կստանա, ապա ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ անցած աշնանը Փաշաևի դեմ առաջին քրեական գործը հարուցվել էր ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Հետաքննության վարկածով՝ Փաշաևը 2024 թվականի փետրվարին բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ Մոսկվայում անձնական հանդիպման ժամանակ նրան համոզել է, որ դրամական խոշոր պարգևի դիմաց, իբր, կարող է ազատել իրենց նկատմամբ ավելի վաղ հարուցված քրեական գործի պատասխանատվությունից։ Ձեռք բերելով պայմանավորվածություն՝ Փաշաևը Բլինովսկուց ստացել է 18,5 միլիոն ռուբլի և 300 հազար դոլար։