ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Այսօր՝ փետրվարի 5-ին, վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում»,–գրում է կայքը:
Վթարից հետո վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։ Շտապօգնության բրիգադը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին Անդրանիկ Մ.–ն մահացել է։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և կոտրված անվադողը տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքը գրում է, որ մահացածը Հայաստանի կապի նախկին նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգականն է: