ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Սիրիայի, Իրանի և Մերձավոր Արևելքի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Այո, մենք նախատեսում ենք բանակցություններ վարել Վաշինգտոնում կամ այլ վայրում»,-ասել է Գրոսին:
Ինչպես նշել է կառույցի ղեկավարը, ներկայում նկատվում են ծայրահեղ լուրջ մարտահրավերներ՝ կապված Իրանի, Սիրիայի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի հետ:
«Ըստ այդմ, ակնկալում եմ հնարավորինս շուտ վերսկսել այդ երկխոսությունը», - պարզաբանել է նա:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր կամ ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: